Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն

Armenpress 17:03, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի  լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կենտրոնը կառուցվել է բարերարների աջակցությամբ։

Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ուռուցքաբանական կենտրոնում հանդիպել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնի՝ Երեւանից այցելած մասնագետներին, որոնք վերջին օրերին արտասահմանյան գործընկերների հետ անվճար իրականացնում են բժշկական ծառայություններ։ Խորհրդարանի ղեկավարին և արտասահմանցի հյուրերին ուռուցքաբանական կենտրոնի ղեկավարը մանրամասն ներկայացրել է կենտրոնի բժշկական սարքավորումների համալրվածությունը, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։

Այցելության ավարտին Արա Բաբլոյանը առողջապահության նախարարի, ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավարի և բժշկական անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի խնդիրները, մատնանշվել ոլորտի զարգացման հեռանկարներն ու միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am