Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում

Armenpress 15:22, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով  նախնական տվյալներով երեք մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի  Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժածներից մեկը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի թեկնածու Իգոր Հակիմզյանովն է: Բազմաթիվ վնասվածքներ է ստացել նաև կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղար Իրինա Յակինան:

Կուսակցության անդամ Գենադի Ֆոմենկոյի խոսքով՝ պայթյունի պահին շենքում շուրջ 50 մարդ է եղել: «Պայթյունի վայրում փաթեթ է հայտնաբերվել, որի ներսում ամեն ինչ այրված է եղել: Երկու կին է տուժել, նրանցից մեկը ծանր աստիճանի այրվածքներ ունի»,- պատմել է նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am