Զբոսաշրջության պետական կոմիտեն մշակել է ոլորտի օրենքի նախագիծ և առնչվող այլ օրենքների նախագծերի փաթեթ

Armenpress 18:15, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն մշակել է Զբոսաշրջության մասին ՀՀ օրենքի նախագիծը և առնչվող այլ օրենքների փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Զբոսաշրջության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված «Ժամանակակից տեխնոլոգիաները և զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Հայաստանում» կլոր-սեղան քննարկման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց  Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նա հույս հայտնեց, որ շահագրգիռ կողմերը ևս մեկ անգամ կքննարկեն այդ նախագծերը, և դրանք  կդրվեն շրջանառության  և օր առաջ կընդունվեն:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրանում է:  Նա հավելեց, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո բոլոր հեղինակավոր լրատվամիջոցների և նրանց միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վրա: «Սա հզոր խթան հանդիսացավ մեր երկրի ճանաչելիության բարձրացման համար: Կարևոր է, որ մենք կարողանանք այս ամենը կապիտալացնել և արդյունավետ օգտագործել մեր նպատակների իրականացման համար»,- ասաց նա:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կարևոր է ճիշտ կառավարել զբոսաշրջային հոսքերը: «Մենք պետք է  մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին  բարձրակարգ ծառայություններ մատուցենք, որ Հայաստանից նրանք գոհ և արդարացված սպասելիքներով  հեռանան»,- նշեց Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am