Գրատպության թանգարանը մեկ տարվա ընթացքում նշանակալի ձեռքբերումներ է ունեցել

Armenpress 17:52, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 27-ամյակի, Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի առաջին տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի  26-ին  Ազգային գրադարանում ցերեկույթ անցկացվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման շրջանակում ցուցադրվեց «Եվրոպական գրատպության թանգարանները» ֆիլմը և «Գրատպության թանգարանի մեկամյա ուղին» տեսանյութը:

«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 25-ին Գրատպության թանգարանն իր հյուրընկալ դռները բացեց հանրության առաջ: Այդ իրադարձությունը Ազգային գրադարանի կարևոր ձեռքբերումներից մեկն է»,- նշեց Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Անդրադառնալով թանգարանի նվաճումներին` վարիչն ասաց, որ չի ցանկանում անհամեստ լինել, բայց պետք է փաստի, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել. բազմաթիվ օտարազգի հյուրեր, պատվիրակություններ են այցելել թանգարան,  կրթական ծրագրեր են իրականացրել և շարունակվում են կազմակերպվել:

Հարությունյանը շեշտեց, որ ծրագրերը նպաստում են  երեխաների համակողմանի զարգացմանը:

«Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ դառնալու փաստը ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք լավ ենք աշխատում»,- ընդգծեց վարիչը և հավելեց, որ թանգարան են այցելում տարբեր տարիքի անձիք, բայց գերակշռում են դպրոցականներն ու ուսանողները:

Միջոցառմանը մասնակցեցին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Պոեզիայի թատրոն»-ի, պարային համարներով հանդես եկան «Ծիծեռնակ» պարարվեստի թատրոն-ստուդիայի սաները:

Ցերեկույթն անցկացվեց «Եվրոպական ժառանգության օրեր»  ծրագրի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am