«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր նախագահ ունի

Armenpress 14:24, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից:

Ռիչարդ Բեզջյանը երևանաբնակ գործարար է, ծրագրավորման ընկերությունների հիմնադիր ու ղեկավար։ Գրաֆիկական դիզայնի, ինտեգրացված ծրագրային լուծումների, էլեկտրոնային առևտրի, իսկ այժմ նաև՝ բանկային ապահով լուծումների առաջամարտիկ է։ ՔՈԱՖ-ի համար այսքան կարևոր ժամանակաշրջանում Ռիչարդ Բեզջյանի ներգրավվածությունն էլ ավելի նշանակալի է դարձնում իրադարձությունը, քանի որ նա տարբեր ոլորտներ և ուղղություններ առաջնորդելու մեծ փորձ ունի։

«Նորարարական մոտեցումը, ահռելի ջանքերն ու ֆինանսական ռեսուրսները, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ներդրել են գյուղական համայնքների զարգացման գործում, անգնահատելի են։ Սա ուղենշային մոտեցում է, որ մի օր կորդեգրեն շատ երկրներ։ Ինձ համար պատիվ է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը։ Սա հնարավորություն է բարին գործել երեխաների, ընտանիքների, հայրենիքի ու աշխարհի համար»,- նշել է ՔՈԱՖ-ի նորանշանակ նախագահ Ռիչարդ Բեզջյանը։

Ռիչարդ Բեզջյանը կրթություն է ստացել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում՝ Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի էլեկտրական ինժեներիայի ու համակարգչային դիզայնի բաժնում։ Իր կարիերան նշանավորվում է շուրջ երեք տասնամյակի նորարարական գործունեությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am