Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել

Armenpress 13:57, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված 16-ամյա Ումութ  Ալի  Օզմենն ազատ է արձակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք երեկ էլ ենք հայտարարել, այսօրվա ճեպազրույցին էլ եմ հաստատել, որ հայրը եկել էր իր երեխային տանելու»,- ասաց Բալայանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, հայտնել էին, որ Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: «Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկացվել է թուրքական կողմին։ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,- ասված էր ՀՀ ԱԳՆ պատասխանում: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am