Դեսպան Մինասյանը Ռումինիայի Տիմիշոարա քաղաքում մասնակցել է ՀՀ անկախության տոնին նվիրված համերգին

Armenpress 12:30, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ից 22-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելել է  Ռումինիայի՝ բնակչությամբ երրորդը հանդիսացող Տիմիշոարա քաղաք՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության օրվան  նվիրված համերգին, որը կազմակերպվել  էր Տիմիշոարայի ֆիլհարմոնիայում՝ գլխավոր տնօրեն Իոան Կորիոլան Գարբոնիի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համերգի բացմանը դեսպան Մինասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Գաբրիել Վոյկու Անտոնյանի դիրիժորության ներքո:

Նույն օրը տեղի է ունեցել դեսպանի հանդիպումը Տիմիշոարայի քաղաքապետ պրոֆեսոր Նիկոլաե Ռոբուի հետ: Հանդիպման ընթացքում քննարվել են Ռումինիայի և Հայաստանի մարզերի և քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները, այդ թվում նաև Տիմիշոարայի և Հայաստանի  քաղաքներից մեկի հետ քույր քաղաքի կարգավիճակի հաստատման հարցը: Քննարկվել է նաև համագործակցությունը ՏՏ և թվային հարթակում ծավալելու հնարավորությունը:

Այցի ընթացքում տեղի  է  ունեցել հանդիպում Տիմիշոարայի արքեպիսկոպոս, Բանաթի մետրոպոլիտ Իոան Սելեժանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և ռումին ժողովուրդների միջև պատմական լուրջ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններին, ընդհանրություններին և հնարավոր համագործակցությանը մշակութային և հումանիտար ոլորտներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am