Կարմիրգյուղում 200 տնտեսություն եկող տարվանից կապահովվի ոռոգման ջրով

Armenpress 10:57, 25 Սեպտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում տեղական բյուջեի միջոցներով արդեն շահագործման է հանձնվում ոռոգման ջրի մատակարարման ցանցը, ինչի շնորհիվ եկող տարվանից ոռոգման մշտական ջրով կապահովվի 200 տնտեսություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, «Հորթերի դոշ» կոչվող թաղամասի համար կառուցված ոռոգման ցանցը սնվելու է Կարմիրգյուղով անցնող Գավառագետի վտակից, եւ ոռոգման ջուրը տնտեսություններին հասնելու է մղման եղանակով: Ոռոգման ցանցի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 4 միլիոն 80 հազար դրամ, բայց շինարարական մրցույթը շահվել է 3 միլիոն 500 հազար դրամով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի կեսերից եւ կավարտվեն սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:

«Թաղամասը, որն արդեն ապահովվել է ոռոգման ջրով, Գավառագետի վտակից գտնվում է մոտ 50 մետր բարձրության նիշի վրա: Կառուցել ենք պոմպակայան, 150 մետր երկարության խողովակաշար, որը միացրել ենք մայր առվին, ձեռք բերել մղող պոմպ, որն ապահովում է 50 լիտր վայրկյան հզորություն: Այս թաղամասում ոռոգելի կդառնա մոտ 2,5 հեկտար տարածք, որը որպես տնամերձ հողամասեր օգտագործում են 200 տնտեսություններ:

Այստեղ մարդիկ իրենց տնամերձերը ոռոգել են մի կերպ, խմելու ջրի ջրատարից ջուր վերցնելու հաշվին՝ միշտ բախվելով զանազան դժվարությունների: Այսուհետեւ արդեն այս տնտեսությունները ոչ միայն ոռոգման խնդիր չեն ունենա, այլ նաեւ կձգտեն ավելացնել գյուղմթերքների արտադրության տեսականին: Գյուղում եւս մի քանի թաղամաս ունենք, որտեղ դարձյալ սուր է ոռոգման ջրի խնդիրը: Կաշխատենք եկող տարի որոնել նոր միջոցներ, որպեսզի այդ տեղերում էլ կարողանանք մարդկանց ապահովել ոռոգման ջրով»,-իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am