Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ կապված Իլ 20-ի կործանման հետ

Armenpress 21:13, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերն են եղել Իլ-20-ի կործանման պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի լրատվական ծառայությունը:

«Շարունակվել է միջադեպի հանգամանքների քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ Իսրայելի զինվորականների կողմից տրամադրած՝ Սիրիայի տարածքում իրենց ավիացիայի գործողության մասին տեղեկատվությունը հակասում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության եզրակացություններին: Ռուսական կողմը գտնում է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետը մեկ անգամ ևս իր ցավակցությունն է հայտնել զինվորականների զոհվելու կապակցությամբ:

Պուտինը շեշտադրում է կատարել առ այն, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության մարտական հնարավորությունների ամրապնդման վերաբերյալ Ռուսաստանի որոշումները համարժեք են ստեղծված իրավիճակին և ուղղված են, առաջին հերթին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ կատարող ՌԴ զինծառայողների կյանքին ցանկացած հնարավոր սպառնալիքի կանխարգելմանը:

Սեպտեմբերի 17-ին Սիրիայում կործանվել է ռուսական Իլ-20 ինքնաթիռը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am