Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

Armenpress 16:00, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և դիվանագիտության վարչությունից, Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, դեսպանության անձնակազմի, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած Սասուն վարդապետ Զմրուխտյանը օրհնել է հյուպատոսությունը։

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպել է Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլես Կոնեխոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ աշխատանքներ տանել մշակութային, կրթական և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության հաստատման ուղղությամբ։

Այնուհետև ՀՀ դեսպանության անունից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Անկախության 27-ամյա տարեդարձին։ Միջոցառմանը ելույթներով հանդեսեն  եկել դեսպան Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Ջորջ Սաադ Աբի Յունեսը, Սասուն վարդապետ Զմրուխտյանը, ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը և Միչոականի նահանգապետի ներկայացուցիչ, նահանգի Միգրացիայի քարտուղար Խոսե Լուիս Գուտիերես Պերեսը։ Ընդունելությանը ներկա էին դաշնային և նահանգային բազմաթիվ սենատորներ և պատգամավորներ, Միչոականի նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հայկական, լիբանանյան և հունական համայնքների անդամներ, լրագրողներ։

Երեկոյի հյուրերին ներկայացվել է Հայաստանի մասին լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև հայկական երգի ու պարարվեստի լավագույն նմուշները կատարեց նորաստեղծ «Մուշ» պարախումբը։

Տեղեկանք. Միչոական նահանգը Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, զբաղեցնում է մոտ 60 հազ. քառ. կմ. տարածք և ունի 4,5 մլն. բնակիչ։ Նահանգը հայտնի է իր գյուղատնտեսական արտադրանքով և համարվում է ավոկադոյի խոշորագույն արտադրող և արտահանող։ Նահանգում ծնված մոտ 4 միլիոն մարդ բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am