Քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում ենթադրյալ ընտրախախտումների  3 դեպքի վերաբերյալ

Armenpress 17:26, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը:

«Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների խախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացվել են 3 հաղորդումներ, որոնցից երկուսը զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված դեպքերի և ևս մեկը՝ 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից, որոնց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ստուգումներ՝ քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար»,- ասաց Սահակյանը:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց հաղորդումների վերաբերյալ՝ նշելով, որ դրանցից մեկը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրատեղամասում տարեց  կնոջ կողմից տարեց ամուսնու հետ միասին քվեախցիկ մուտք գործելու դեպքին, հաջորդ դեպքը՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/46 ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես վերևում՝ առաստաղին տեսախցիկ տեղադրված լինելուն, իսկ երրորդ դեպքը՝ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում է կնոջ կողմից կրկնաքվեարկության փորձ կատարելուն:

«Նշված բոլոր դեպքերով իրականացվում են օրենքով սահմանված կարգով քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ընդգծեց Սահակյանը:

ՀՀ քննչական վարչության պետը հավելեց նաև, որ ընտրություններին ընդառաջ Քննչական կոմիտեն ընտրական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հատուկ մասնագիտացված  վերապատրաստում են անցել Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների  մի խումբ քննիչներ:

Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին Երևանու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական  իրավունքի ընտրական խախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի  իրավասության շրջանակում հաղորդումների քննարկման նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am