Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ

Armenpress 16:39, 23 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 9-ը՝ ընտրացուցակների անճշտության և 14-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am