Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

Armenpress 20:24, 22 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր  հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է. 
«Հարգելի պարոն Շամխանի, ընդունեք իմ խորին ցավակցությունները այսօր Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տասնյակ իրանցիների մահվան կապակցությամբ։ Վշտակցում եմ մահացածների ընտանիքներին ու արագ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ահաբեկչությունը ժամանակակից աշխարհի ամենադաժան մարտահրավերներից մեկն է, և այդ արհավիրքի դեմ պայքարում մեր բարեկամ Իրանի ժողովրդին ու իշխանությանը հաստատակամություն ու հաջողություն եմ մաղթում»։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am