Նիկոլ Փաշինյանը Արարատի գինու գործարանում քննարկեց մթերման հետ կապված խնդիրները

Armenpress 18:32, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում  այցելեց Արարատի գինու գործարան, որտեղ քննարկեց մթերման հետ կապված խնդիրները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  վարչապետը նաև հետևեց խաղողի ընդունման փուլերին, այցելեց վերամշակման տեղամաս:

Գործարանի փոխտնօրեն Հարություն Սարգսյանի խոսքով՝ ներկայումս Արարատի գինու գործարանը վերջին 8-10 տարիներում ՀՀ առավել շատ խաղող մթերող և պատրաստի արտադրանքի իրացման մեծ ծավալներ ունեցող առաջատար գործարան է:

«Մենք գյուղացիներից խաղողը ընդունում ենք  1 կիլոգրամը 140-150 դրամ արժեքով: Տարեց տարի  մթերման գները բարձրացնում են՝ հաշվի առնելով միջազգային գները և մեր եկամուտները:   Այս պահի դրությամբ գյուղացիներից ընդունել ենք ավելի քան 7 հազար տոննա խաղող»,- ասաց գործարանի փոխտնօրենը և հավելեց, որ իրենք պատրաստ են ընդունել մինչև 20 հազար տոննա խաղող:

 Նա նաև հավելեց, որ խաղողի մթերման ծավալները վերջին տարիներին մշտապես դինամիկ աճ են ունեցել և հասել են 14-18 հազար տոննայի, իսկ իրացման ծավալները կազմել են 4-7 միլիոն շիշ:

«Խաղողը մթերում ենք առանց սորտային և քանակական սահմանափակումների: Ներկայումս ընթանում է գործարանի տեխնոլոգիական մակարդակի և հումքի պահպանման հնարավորությունների և ծավալների ընդլայնում»,- եզրափակեց նա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am