Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին

Armenpress 12:22, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այն հանգամանքը, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը մնացել են օրինականության սահմաններում: Վետերանների միություն կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը նորմալ համարեց քարոզարշավի ընթացքում կրքերի բորբոքումն ու բանավեճերը:  «Ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ տեղյակ է, որ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների և վիրավորանքների կապակցությամբ: «Ես ցանկանում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ Հայաստանի որևէ քաղաքացի որևէ այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ կարելի է հասկանալ, բայց, ընդհանուր առմամբ, պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ցանկանում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,- եզրափակեց վարչապետը:

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է արտահայտել սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող վիրավորական մեկնաբանությունների առնչությամբ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգում իրականացնելու և համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am