Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Armenpress 21:42, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության վրա: 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը: 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, ամուր առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am