Ադրբեջան-Իսրայել մտերմությունը չի վրիպում Թեհրանի ուշադրությունից

Armenpress 16:13, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի շուրջ խորացող լարվածության համատեքստում կայացավ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի այցն Ադրբեջան, ինչն, իհարկե, չէր կարող վրիպել Թեհրանի ուշադրությունից՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի Իսլամական Հանրապետության ծայրաստիճան սրված հարաբերությունները: Ադրբեջանն ու Իսրայելը փորձում են վստահեցնել, որ այցը միտված էր «տարածաշրջանում անվտանգության խթանմանը», մինչդեռ, դատելով նախկինում հնչած արձագանքներից, Թեհրանում նման քայլերն ընկալվում են որպես միջամտություն տարածաշրջանային գործերին, որն ուղղված է Իրանի դեմ: Իրանական ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին, որ «իսլամական աշխարհի թշնամու հետ հարաբերությունները հղի են լրջագույն հետևանքներով Բաքվի համար»:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 13-17-ը Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահի, ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գերատեսչության և կառավարության ղեկավարության հետ: Սա Լիբերմանի առաջին այցն է Ադրբեջան պաշտպանության նախարարի պաշտոնում (նախկինում Լիբերմանն Ադրբեջանում եղել է արտգործնախախարի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոններում) և ընկալվում է որպես 2016թ. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի շարունակություն: Ընդ որում, Լիբերմանի հնգօրյա այցն իր տևողությամբ աննախադեպ է երկու երկրների հարաբերություններում:

Այցի մանրամասները հիմնականում մնացել են փակ դռների հետևում, ինչն ավելի քան սպասելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը մշտապես խուսափում է Իսրայելի հետ խորացող իր հարաբերություններին հրապարակային բնույթ հաղորդելուց՝ զգուշանալով իրանական արձագանքից: Հատկանշական է, որ ժամանակին «Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկի համաձայն՝ Ալիևը Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին խոսելիս դրանք նմանեցրել է այսբերգի, որի միայն վերին մասն է տեսանելի: Պատահական չէ, որ Իսրայելում մինչ այժմ Ադրբեջանի դեսպանատուն չի բացվել՝ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններեն հաստատվել են դեռևս 1993 թվականին:

Այնուամենայնիվ, ի՞նչ է քննարկվել Բաքվում:

Վերջին տարիներին Ադրբեջանն ու Իսրայելը հայտարարում են իրենց  «բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության» մասին, որն առավելապես դրսևորվում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Ադրբեջանն Իսրայելից զենք գնող երկրորդ երկիրն է Հնդկաստանից հետո: Դեռևս 2016թ. Նեթանյահուի հետ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանն ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական տեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրեր է կնքել Իսրայելի հետ: Ավելին, Լիբերմանի այցից առաջ իսրայելական կողմը չէր հերքում, որ այս այցի շրջանակներում կարող են նոր պայմանավորվածություններ ձեռք բերվել: Սա նշանակում է, որ այցի հիմնական նպատակը ռազմատեխնիկական համագործակցության խորացումն է՝ ի թիվս այլ օրակարգային հարցերի:

Չի կարելի բացառել նաև իրանական ուղղությամբ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման հնարավորությունը՝ հաշվի առնելով  Իրանի շուրջ ընթացող զարգացումները: Իսրայելը երբեք չի թաքցրել, որ Բաքվի նկատմամբ իր հետաքրքրությունը պայմանավորված է այդ թվում նաև հակաիրանական «պլացդարմի» անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին լրատվամիջոցներում պարբերաբեր տեղեկատվություն է հայտնվում Ադրբեջանում իսրայելցի լրտեսների գործունեության ակտիվացման վերաբերյալ: 

Նշենք, որ Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրա էներգառեսուրսներով, ինչն էլ հանդիսանում է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների գլխավոր բաղադրիչը (Իսրայելը գնում է ադրբեջանական նավթի շուրջ 40%-ը): Միևնույն ժամանակ, Իսրայելը չի թաքցնում, որ Ադրբեջանի հանդեպ իր հետաքրքրությունը բխում է հատկապես Իրանին հարված հասցնելու համար համապատասխան հարթակի անհրաժեշտությունից: Իսրայելի համար ոչ երկրորդական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը կարևոր է հրեաների և մուսուլմանների միջև գոյակցության հնարավորությունը ցույց տալու տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ Իսրայելն իր գոյության ողջ ընթացքում ձգտել է հարաբերություններ կառուցել ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն իր խնդիրներն է լուծում Իսրայելի հետ հարաբերություններով: Նախ, Ադրբեջանի համար կարևոր է Իսրայելի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, հատկապես էներգետիկ և ռազմական համագործակցության տեսանկյունից: Երկրորդ, Իսրայելի հետ հարաբերությունների կարևորությունն Ադրբեջանի համար պայմանավորված է ԱՄՆ-ի հետ Իսրայելի սերտ հարաբերություններով: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հրեական լոբբին ակտիվորեն ներկայացնում է Ադրբեջանի շահերը: Միևնույն ժամանակ, Բաքվում փորձում են Իսրայելի հետ համագործակցությունը ներկայացնել որպես հակակշիռ հայ-իրանական հարաբերությունների խորացմանը:

Իրականում, Իսրայելի հետ սերտ հարաբերությունների կառուցումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից վերջին տարիներին շահարկվող «իսլամական համերաշխության» գաղափարի տրամաբանության խախտում, ինչը չի կարող առնվազն հարցեր չառաջացնել ինչպես Իրանի, այնպես էլ մյուս մուսուլմանական երկրների մոտ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ակտիվորեն շահարկում է «իսլամական միասնության» գաղափարը՝ գերազանցապես հակահայկական քայլեր ծրագրելիս: Եվ հիմա հարց է առաջանում, թե ինչպես է հանուն Իսրայելի Ադրբեջանը դավաճանում «իսլամական համերաշխության» այդչափ շահարկվող գաղափարը:

Արփինե Հովսեփյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am