ՀՀ ԳԽ եւ ԱԺ առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորները հրավիրվել են Ազգային ժողովում տեղի ունենալիք հոբելյանական միջոցառմանը

Armenpress 19:53, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորները հրավիրվել են սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ նրանք, ովքեր տեխնիկական պատճառով չեն ստացել հրավիրատոմս, խորհրդարան կարող են մուտք գործել 17:50-ին Բաղրամյան անցակետով՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:

Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am