Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մի շարք օրինագծեր

Armenpress 17:27, 19 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը  ներկայացրել է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի  պետական հաշվառման մասին» ԱՀ օրենքների նախագծերը:

Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկություններ և տվել դրական եզրակացություն՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար:

Նիստին մասնակցել է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am