Թատրոնի և կինոյի ինստիտուտի մի խումբ ուսանողներ պահանջում են ռեկտորի հրաժարականը

Armenpress 12:08, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում բուհի դիմաց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի պատճառը ոստիկանության կողմից ինստիտուտում հայտնաբերված չարաշահումներն են: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բուհի ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` ինստիտուտի պաշտոնատար անձինք սկսած 2012 թ., օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 18-ին ընդունել է մոտ 50 ուսանողի, պատասխանել նրանց մտահոգող հարցերին:

Ռեկտորը պնդեց, որ որևէ կապ չունի չարաշահումների հետ:

«Ես կարծում եմ, որ չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա»,- շեշտեց նա: Նրա խոսքով` պրոռեկտորներից մեկն ազատման դիմում է ներկայացրել, իսկ գրանցված աշխատողները, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել, բացատրություն են տվել ոստիկանությանը: Ոստիկանությունը պարզել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,5 միլիոն դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդ։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900 000 դրամ:

Իսկ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8,1 միլիոն դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am