Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

Armenpress 12:06, 17 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:

Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ  Արցախի հարցում  այժմ կարևորագույն խնդիրը անվտանգության և կարգավիճակի ապահովումն է: 

Մտքեր են փոխանակվել երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am