«Օկեան էլզի» ռոք խմբի ղեկավարը մտածում է քաղաքականություն մուտք գործելու մասին

Armenpress 18:41, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ։ 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ։ ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ուկրաինական «Օկեան էլզի» հայտնի ռոք խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է, որ պատրաստ է քաղաքականություն մտնել, սակայն վերջնական որոշման մասին կհայտարարի ավելի ուշ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости լրատվական գոծակալությունից:

Այն հարցին, թե արդյոք պատրաստ է հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, Վակարչուկը պատասխանել է: «Դա հեշտ մարտահրավեր չի լինի այս ճանապարհին, սակայն եթե մտնում ես քաղաքականություն, սկսում ես մասնակցել պետության կառուցմանը, եթե վտանգված է քո երկրի ապագան, և դու ուզում ես փոխել այն, իսկ հետո ասում ես «ես պատրաստ չեմ դրան», ուրեմն ընդհանրապես պետք չէ խոսել դրա մասին»,-ասել է երաժիշտը:

Վակարչուկը, որն անցյալ տարի հայտարարել էր 2019 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, հաճախ է նշվում նախագահական վարկանիշներում: 2017 թվականի դեկտեմբերին Վակարչուկը առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր հաղթողների վարկանիշում երրորդ տեղն էր գրավել: Նա  2007-2008 թվականներին Ռադայի պատգամավոր է եղել, սակայն որոշել է վաղաժամ դադարեցնել իր պատգամավորական լիազորությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am