Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Մատենադարան

Armenpress 17:27, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանները Հայաստան կատարած ճանաչողական այցի շրջանակում այցելեցին Մատենադարան: Դեսպանները շրջայց կատարեցին Մատենադարանում և ծանոթացան այնտեղ ներկայացված ձեռագրերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ դեսպանների այցը շատ կարևոր է հատկապես զբոսաշրջության զարգացման համար:

«Այցը ճանաչողական նպատակ ունի` ծանոթացնել մեր երկրին, մեր մշակույթին, նաև տնտեսությանը: Այն հետագայում կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Կարծում եմ` այն դեպսանները, որոնք այցելել են մեր երկիր, իրենց երկրներում բավականաչափ աշխատանք կտանեն` զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր ուղղորդելու համար»,- ասաց Սադոյանը:

Պատվիրակության կազմում կան ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:

Սեպտեմբերի 16-ին դեսպանները կմեկնեն Հայաստանից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am