Արցախում բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագիր կանցկացվի

Armenpress 15:00, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի քաղաքային ու շրջանային բուժհաստատությունների աշխատակիցների համար առաջիկայում նախատեսվում է շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է  կատարել ՀՀ առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը: 

«Իմ և Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ՝ ընդհանուր առմամբ 318 բժիշկների և 1314 բուժքույրերի:

Վերապատրաստման գործընթացը նախատեսվում է իրականացվել մի քանի փուլով: 1-ին փուլը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը, ներառյալ շաբաթ-կիրակի (5 օրացուցային, 6 աշխատանքային շաբաթ), օրական 6 ժամ, ընդհանուր 180 դասաժամ: Այս փուլում ընդգրկվում են Քաշաթաղի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի բոլոր թերապևտները և ամբուլատորիաների վարիչները, Ստեփանակերտի թերապևտների և մանկաբույժների մի մասը: 1-ին փուլում կապահովվի 45 բժշկի ընդգրկվածություն:

Վերապատրաստման գործընթացը կիրկանացվի համակազմակերպիչների աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ, Արցախի առողջապահության նախարարություն, Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակ»,- գրել է նախարարը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am