Գործադիրն առաջարկում է խստացնել ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները

Armenpress 11:25, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է խստացնել ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին կառավարության հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այդպիսի օրենքի նախագծով է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում) 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշեց Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են ազատազրկումը ներառելուն զուգահեռ պահպանել նաև կալանք պատժատեսակը:

Կառավարությունը նախագիծը ընդունեց, բայց Նաիրա Զոհրաբյանին առաջարկեց ձեռնպահ մնալ նախագծի վերաբերյալ հետագա քայլերից, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ ներկայացնել համալիր նախագիծ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am