Րաֆֆի Հովհաննիսյանը երևանցիներին կոչ է անում ազատ լինել ընտրություն կատարելիս

Armenpress 18:04, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 13-ին շարունակել է Աջափնյակ վարչական շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այս ընտրություններում իրենց հիմնական ուղերձը քաղաքացիներին այն է, որ ազատ լինեն իրենց ընտրություն կատարելիս:

«Խնդրում եմ, բացառապես մեզ չընտրեք: Ազատ ընտրեք, երևանցիներ, որովհետև սեպտեմբերի 23-ին մենք ունենալու ենք մեր ընտրած քաղաքապետն ու ավագանին: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ մենք ունենալու ենք մեր ընտրած քաղաքապետն ու ավագանին: Եվ այդ իշխանությունը պիտի պատասխանատու լինի ձեր և մեր առջև»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ իր համար ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ինքը` որպես ընտրող, պիտի մասնակցի այն ընտրությանը, որի արդյունքներով լինելու է լեգիտիմ քաղաքապետ և ավագանի: «Սա է ամենամեծ հաղթանակը: Ես` որպես քաղաքացի, արդեն հաղթել եմ` անկախ նրանից, թե ում օգտին եմ քվեարկելու»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` անկախ ընտրությունների արդյունքներից իրենք պետք է հետընտրական շրջանում ձեռք մեկնեն բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական շերտերին:  Նրա խոսքով` պետք է լինի միասնական կառավարում, քանի որ կա մեկ Երևան և մեկ Հայաստան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am