«Արմենպրես»-ը համաձայնագիր է ստորագրել բելառուսական «Беларусь сегодня» հրատարակչատան հետ

Armenpress 17:01, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը սեպտեմբերի 13-ին տեղեկատվական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել բելառուսական «Беларусь сегодня» հրատարակչատան հետ:

Փաստաթուղթը Մինսկում ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ու «Беларусь сегодня»-ի ղեկավար Դմիտրի Ժուկը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը ռուսերենով իրենց երկրների մասին կարևորագույն տեղեկությունների, լուսանկարների ու վերլուծական նյութերի փոխանակում կիրականացնեն:

«Արմենպրես»-ն ու «Беларусь сегодня»-ն պայմանավորվել են սերտ համագործակցություն իրականացնել, ապահովել Հայաստանի ու Բելառուսի տարածքում կարևորագույն միջոցառումների, երկրների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների այցերի մասին տեղեկատվության հասանելիությունը:

Կողմերը կազմակերպչական ու տեխնիկական աջակցություն ցույց կտան երկրների տարածքում հավատարմագրված իրենց լրագրողներին ու լուսանկարիչներին մասնագիտական գործունեությունն ապահովելու համար:

Առաջավոր փորձի փոխանակման ու մասնագետների որակավորման բարձրացման նպատակով կիրականացվեն լրագրողների, լուսանկարիչների և մեդիա ոլորտի այլ մասնագետների փոխանակման ծրագրեր:

«Беларусь сегодня» հրատարակչատան կազմում են մտնում 5 թերթ, «Ալֆա ռադիո»-ն և  WWW.SB.BY ինտերնետ-պորտալը: Հրատարակչատան առաջատար թերթը՝ «СБ. Беларусь сегодня»-ն, սկսել է լույս տեսնել 1927 թվականից:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այսօր այն օրական հրապարակում է շուրջ 300 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն։

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:

 «Արմենպրես»-ը երկկողմ են գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:

Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am