Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինը

Armenpress 14:57, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարեւոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում:

Դեսպան Լիտվինը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու եւ առաջ մղելու տարբեր ոլորտներում ձեւավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը:

Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական եւ բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am