ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակով անցկացնելու է արտահերթ նիստ

Armenpress 12:03, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակով սեպտեմբերի 13-ի հերթական նիստի ավարտից հետո կանցկացնի արտահերթ նիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նիստում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ինձ` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի մասին հարցերի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար»,-ասաց նա ու տեղեկացրեց` հերթական նիստի ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ:

Հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով: Իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ:

Ավելի վաղ` սեպտեմբերի 11-ի նիստում նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ հանդես էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը`քննելու ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսման մանրամասները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am