Լենա Նազարյանը դատավորների` ուժային կառույցներից տեսակետ հարցնելը համարում է նախկին իշխանությունից մնացած սովորություն

Armenpress 11:25, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատավորների` ուժային կառույցներին զանգել և որևէ հարցի շուրջ տեսակետ հարցնելը համարում է նախկին իշխանությունների ժամանակից մնացած սովորություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատգամավորը` անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի դեպքին:

«Զանգել-հարցնելու սովորությունը մնացել է նախկին իշխանություններից: Դա թաքցնել հնարավոր չէ, այդպես է եղել: Դատարաններում ևս այդ մասին խոսում են: Ասում են, որ նախկինում տարբեր կերպ կաշկանդել են դատավորի ազատությունը: Հիմա այդ իներցիայով շարունակվում է: Բայց արդեն դա ոչ թե կառավարող ուժի կողմից է իրականացվում, այլ պարզապես դատավորները, չկողմնորոշվելով ինչպես վարվել, փորձում են ճշտել ուժային մարմինների տեսակետները»,-նշեց Նազարյանը:

Պատգամավորը կոնկրետ կասկածներ չունի, թե ով կարող էր նման բան կազմակերպել, սակայն, եթե ունենար էլ, չէր կարող հայտնել, որովհետև նախաքննությունը պետք է դա պարզի:

Ավելի վաղ` սեպտեմբերի 12-ին համացանցում տարածվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Դրան ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև հրավիրված ասուլիսում ԱԱԾ և ՀՔԾ պետերը հաստատել էին, որ դա իսկապես իրենց զրույցն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am