Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 19:25, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տըեղեկացրին ՀՀ վարւչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական և բիզնես կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նշված ուղղություններով կապերի ամրապնդմամբ ու այդ համատեքստում կարևորել նմանատիպ փոխայցերի հաճախակի կազմակերպումը:  

Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների, միջոցառումների վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակել ՏՏ ոլորտում փոխգործակցության խթանմանն ուղղված հնարավոր նախաձեռնություններին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am