Հայրենիքը յուրաքանչյուրի ուժն է, հայրենիքը յուրաքանչյուրի ընտանիքն է. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ջավախքցի աշակերտների


 ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 11-ին հյուրընկալեց Վրաստանի Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) մի խումբ դպրոցականների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագահը ծանոթացավ ավագ դասարանների աշակերտներից յուրաքանչյուրի հետ և խոսեց նրանց հուզող հարցերի, հայրենասիրության՝ նրանց և իր երազանքների մասին:

Նախագահը նկատեց, որ աշակերտների մեծ մասը հին հայկական անուններ ունի: «Երևանում նախընտրում են ավելի ժամանակակից եվրոպական անուններ տալ երեխաներին: Իսկ գյուղում մեր ազգային ավանդույթները, սովորույթները պահպանվել են, և ձեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է ձեր մեծ հայրերի, մայրերի անունները կրելը»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը հարցրեց` երեխաներն արդյոք գիտե՞ն, թե ծագումով բնիկ որտեղից են: Պատասխանները ստանալուց հետո Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը նույնպես Էրզրումից է:

Նրա այն հարցին, թե ո՞վ, ի՞նչ է ուզում դառնալ, երեխաներից շատերը պատասխանեցին, որ կցանկանան զինվորական դառնալ և ծառայել հայոց բանակում: Աղջիկներից մեկն ասաց, որ շատ է ուզում դիվանագետ դառնալ: Նախագահը հիշեց հայտնի դիվանագետ Մովսես Աբելյանին, որն այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն է, և աշակերտներին ներկայացրեց նրա հաջողության ճանապարհը:

«Անկախ նրանից, թե որ առարկան ես սիրում` աշխարհագրություն, կենսաբանություն, մաթեմատիկա, թե այլ բան, եթե խելացի ես, կարող ես հաջողել: Ձեր կարևորագույն առավելությունն այն է, որ դուք երիտասարդ եք, ձեր կյանքն առջևում է, դուք հպարտ քաղաքացիներ եք, գիտեք, թե ինչ կարևոր, հատուկ ազգի ներկայացուցիչներ եք»,-շեշտեց նախագահը:

Աշակերտների այն հարցին, թե ի՞նչ է երազել դառնալ Արմեն Սարգսյանը փոքր հասակում, նախագահը պատասխանեց, որ երազել է երաժիշտ դառնալ, բայց պարզվել է, որ բավականաչափ տաղանդավոր չէ: «Երազում էի նաև տիեզերագնաց լինել: Մինչ օրս ցանկանում եմ տիեզերք թռչել: Կցանկանայի նաև աստղագիտությամբ զբաղվել»,-խոստովանեց Սարգսյանը:

Նա երեխաներին հորդորեց ընտրել այն մասնագիտությունը, զբաղվել այն գործով, որն իրենց մեծ բավականություն կարող է պատճառել, ընտրել մասնագիտություն, որտեղ իրենք կլինեն այնքան լավը, որքան Շառլ Ազնավուրն է երգարվեստում, Մովսես Աբելյանն է դիվանագիտության ոլորտում:

Անդրադառնալով հայրենիքին` Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հայրենիքը յուրաքանչյուրի ուժն է, հայրենիքը յուրաքանչյուրի ընտանիքն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am