Ինչո՞վ աչքի ընկավ Փաշինյան-Պուտին հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին հայկական հասարակական և քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացած էր Փաշինյան-Պուտին հանդիպման վրա: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը թվով երրորդն էր. առաջին հանդիպումը կայացել է մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ, հաջորդ հանդիպումը՝ հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Եթե առաջին երկու հանդիպումները կարելի է բնորոշել որպես ճանաչողական, ապա Փաշինյանի երրորդ այցը ՌԴ կրում էր առավել բովանդակային բնույթ և կենտրոնացած էր հայ-ռուսական երկկողմ լայն օրակարգի վրա: Պետք է ընդգծել նաև, որ այցն աշխատանքային էր և ոչ թե պաշտոնական, ուստի որևէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում:

Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաբնույթ հարցերի վերաբերյալ բովանդակային քննարկումների անհրաժեշտությունը հասունացել էր, չի կարող լինել երկրորդ կարծիք: Նման անհրաժեշտության մասին էին վկայում ինչպես տարբեր մակարդակով արվող ոչ միանշանակ հայտարարությունները, այնպես էլ հայկական և ռուսական մամուլում տեղ գտնող «արտահոսքերը» և շահարկումները: Փաշինյանի մոսկովյան այս աշխատանքային այցն, ըստ էության, նպատակ էր հետապնդում ռուսական կողմի հետ հաստատել պարզ և անկեղծ երկխոսություն, քննարկել միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ զգայուն խնդիրները և այն հարցերում, որտեղ հնարավոր է՝ հասնել փոխըմբռնման: Նման հստակեցումների կարիք ուներ նաև ռուսական կողմը և պատահական չէր հանդիպման ընթացքում Պուտինի կողմից «ընթացիկ փոխգործակցության և զարգացման միջնաժամկետ հեռանկարների վերաբերյալ ժամացույցները ճշգրտելու» մասին արտահայտությունը:

Փաշինյան-Պուտին հանդիպման հիմնական օրակարգը թերևս պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի՝ տնտեսական, ռազմական և քաղաքական:

Տնտեսական փոխգործակցության մասով թերևս ամենագլխավոր հարցերն են եղել Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման և Հայաստան առաքվող ռուսական գազի գնագոյացման խնդիրը: Առաջին խնդրի մասին տարբեր ձևաչափերով խոսվում է տևական ժամանակ: Մի քանի տարի առաջ, օրինակ, ռուսական  «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերում» անարդյունավետ կառավարումը, կոռուպցիան և էլեկտրաէներգիայի բարձր գները դարձան «Էլեկտրիկ Երևան»-ի պատճառ, իսկ ընդամենը վերջերս բացահայտվեցին  ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից իրականացված չարաշահումներ՝ նախնական շուրջ 60 միլիոն դոլարի չափով: Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների արդյունավետության խնդիրը բավական կարևոր և հրատապ մեկ պարզ պատճառով՝ դրանց կողմից ցանկացած չարաշահում ստվեր է գցում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա, ինչն անթույլատրելի է: Բավական կարևոր է, որ երկու երկրների ղեկավարները հասել են փոխըմբռնման Հայաստանում գործող ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, քանզի դա բխում է թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ շահերից:

Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, իրավիճակը բավական հետաքրքիր է. ռուսական գազը Հայաստանի սահման հասնում է ԱՊՀ-ում ամենացածր գներից մեկով, սակայն հայաստանյան սպառողներն այն ստանում են ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկով: Այս հարցի հետ կապված ևս կողմերին հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն՝ ուսումնասիրելու գնագոյացման սխեման՝ հնարավոր շտկումների նպատակով:

Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգի ռազմական հատվածին, թերևս կարևոր է նշել ռազմատեխնիկական համագործակցության կայուն զարգացման մասին հայտարարությունը: Նման վերահաստատումը կարևոր է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում մամուլում տեղ գտած շահարկումները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և նրա առանձին բաղադրիչների (օրինակ՝ ռազմաօդային ուժեր) զարգացման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը:

Որպես մեկ այլ բավական կարևոր հարց կարելի է դիտարկել Սիրիայում Հայաստանի կողմից հումանիտար առաքելության իրականացումը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ հայաշատ Հալեպ հայ բժիշկներ, ականազերծման և այլ մասնագետներ ուղարկելու որոշումը նպատակ ունի առաջին հերթին աջակցել Սիրիայի հայկական համայնքին: Հաշվի առնելով Սիրիայում ռուսական ներկայությունը և Սիրիային ՀՀ կողմից հումանիտար օգնության տրամադրման գործում ռուսական կողմի հետ առկա համագործակցությունը՝ առավել քան տրամաբանական էր, որ այս հարցը ևս եղել է երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում: Հատկանշական է նաև, որ հայկական հումանիտար առաքելությունը գործելու է հայկական դրոշի ներքո, ենթարկվելու է միայն հայկական հրամանատարությանը, իսկ նրա տեղակայման և գործունեության իրավական կողմը կարգավորվում է հայ-սիրիական միջկառավարական պայմանագրով:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքական օրակարգին, այն ևս եղել է բավական լայն՝ ՀՀ ներքաղաքական գործընթացներից մինչև հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացում: Հանդիպումից հետո ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ որոշ առանցքային խնդիրների հետ կապված կողմերին հաջողվել է գալ համաձայնության կամ առնվազն դիրքորոշումների հստակեցման: Նման խնդիրներից մեկն էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա փոխարինման հարցն է: Այս թեմայով թեև կողմերն ունեցել են քննարկում, սակայն իրավիճակի վերջնական հանգուցալուծումը գտնվում ՀԱՊԿ կարգավորման դաշտում, ուստի նախատեսվում է շարունակել խորհրդակցությունները կառույցի մյուս անդամների հետ:

Ամփոփելով ՀՀ վարչապետի մոսկովյան աշխատանքային այցը, թերևս այն կարելի է գնահատել դրական և բովանդակային: Թեև այն թվով երրորդն է, սակայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համակողմանի և խորը քննարկումների տեսանկյունից առաջինն էր: Դատելով նախնական պաշտոնական գնահատականներից՝ այն լուծել է իր գլխավոր խնդիրը՝ ռուսական իշխանությունների հետ ապահովել անկեղծ երկխոսություն երկկողմ հարաբերություններում առկա տարբեր, այդ թվում՝ զգայուն հարցերի շուրջ՝ առավել հստակեցնելով մոտեցումները, դառնալով միմյանց համար ընկալելի և առավել կանխատեսելի: Գործընթացն, իհարկե, պետք է կրի շարունակական բնույթ, և այս առումով Վ. Պուտինի կողմից Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերն ընդունելը բավական կարևոր է:

 

քաղաքագետ

Նարեկ Մինասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am