Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանում

Armenpress 22:53, 10 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, այսօր երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: Վարչապետներին նաև ներկայացվել է «Խաղաղության տակառը», որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ. այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն իրենց ստորագրությունն են թողել գործարանի հուշագրքում և մասնակցել անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ Հայաստանի և Վրաստանի վարչապետների այցի:

Երեկոյան ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան։ Մամուկա Բախտաձեին և Վրաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ճանապարհել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am