Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

Armenpress 19:38, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թ. հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Կաթողիկոսի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր և Հայ առաքելական եկեղեցու հետ կապերի ամրապնդումը, միջեկեղեցական համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնականությունն ու համերաշխությունը խաղաղության և կայունության պահպանման գործում:

Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի խոսքով՝ միջեկեղեցական երկխոսությունը հատկապես կարևոր է հակամարտությունները խաղաղ կարգավորելու և բռնությունները կանխարգելելու առումով: Նա նաև նշել է, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ուրախ են դրանց խաղաղ հանգուցալուծմամբ և հաջողություն մաղթել կառավարությանը:

Հյուրերի խնդրանքով Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի,  որոնք վերաբերում էին տնտեսական առաջընթացի ապահովման, սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ և տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, միգրացիոն քաղաքականությանը, տարածաշրջանային խաղաղությանը և այլն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am