Սիրիայի վարչապետը Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի բացմանն այցելել է Հայաստանի տաղավար


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն այցելել է Հայաստանի տաղավար։ Վարչապետին ընդունել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից, սեպտեմբերի 6-15-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված են մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտների 33 ընկերությունների արտադրանքի նմուշներ ու կատալոգներ։

Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը ողջունել է բարեկամ Հայաստանի մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ էքսպոն նոր խթան կլինի հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խորացման համար։ Դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ մեր երկրի արտադրողները պատրաստ են առավելագույն ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության համար։

Հայաստանը պարգևատրվել է մասնակցության համար։ Պարգևը դեսպան Արշակ Փոլադյանին է հանձնել Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մոհամմադ Սամեր ալ-Խալիլը։

Հայկական տաղավարը դիստրիբյուտորների և խոշոր գնորդ-այցելուների ուշադրության կենտրոնում է, որոնք հիմնականում հետաքրքրված են սննդամթերքով, շինանյութերով, վերականգնվող էներգիտայի բնագավառում հայաստանյան ընկերությունների առաջարկներով։ Հաշվի առնելով էներգետիկ արևային համակարգերի նկատմամբ մեծ հետաքրքությունը, սեպտեմբերի 12-ին հայկական տաղավարում տեղի կունենա շնորհանդես, որի ընթացքում «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը կներկայացնի արտադրանքը, հզորությունները, մրցունակությունը, արտահանման ներուժը։

Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 1700 ընկերություն՝ 48 երկրից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am