Գևորգ Հարությունյանը երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում

Armenpress 11:38, 9 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 8-ին Սոչիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հորիզոնականը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը, ով հանրության լայն շրջանակին հայտնի է «Успех» հեռուստատեսային շոուից, իսկ երկրորդ տեղում հայտնվեց  Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի հաղթող Դարյա Անտոնյուկը:

Գևորգ Հարությունյանն առաջին մրցութային օրը փայլուն կատարեց LP-ի «Lost on you» ստեղծագործությունը, երկրորդ մրցութային օրը «Կյանք ու կռիվ» երգով հուզեց ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ երաժշտասեր հասարակությանը, իսկ երրորդ մրցութային օրը հիանալի կատարեց իր հեղինակած «Stand up» երգը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am