Տեղի ունեցավ ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսը

Armenpress 13:46, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց Երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ներկայանալու է երիտասարդ թիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 8-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Գերմրցունակ քաղաքական թիմով ենք ներկայանում: Այն  երիտասարդացված է, շատ նոր մարդիկ կան, որովհետև մենք հասկացանք, որ փորձն ու երիտասարդությունը պետք է զուգակցել: Հենց այդ պատճառով էլ առաջադրել ենք Մհեր Շահգելդյանին, ով փորձառու քաղաքական գործիչ է»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` ինքը հարգում է քաղաքապետի մյուս թեկնածուներին, սակայն պետք է նաև նշի, որ իրենց ցուցակի առաջին համարը մի շարք առավելություններ ունի

«Մհեր Շահգելդյանը շահեկանորեն տարբերվում է մյուս թեկնածուներից իր կեցվածքով, շիտակ հայացքով և բանիմացությամբ։ Կարծում ենք, որ այս թիմն ի զորու է լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են Երևան քաղաքի առջև»,- ասաց Բաղդասարյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը նշեց, որ իրենք իրենց ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունք են հաշվի առել:

«Ծրագիրը պրոֆեսիոնալ մակարդակով է ձևավորված: Այն մշակվել է անկախ փորձագետների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ հաշվի առնելով բոլորի կարծիքները: Մեր ռազմավարությունը երկու մոտեցումների վրա է հիմնված. ռազմավարական ծրագրերի մշակում ու իրագործում, և օպերատիվ արձագանքում բոլոր խնդիրներին: Մեզ համար Երևանը սոսկ քաղաք ու բնակավայր չէ: Երևանը արժեք է, մեր ու մեր երեխաների ապագան է»,- նշեց նա:

«Օրինաց Երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագիրն ամբողջությամբ կներկայացնի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am