«Armenia EXPO 2018»-ում ՀՀ նախագահը կարևորեց հայկական արտադրանքի արտահանումը, ցուցահանդեսին մասնակցում է 10 երկրի 200 ընկերություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Մերգելյան ինստիտուտ»-ի տարածքում գտնվող «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց «Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ողջունելով ներկաներին, հայտնեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 200-ից ավելի սուբյեկտ:
«Մեզ թվում էր, որ ցուցահանդեսի հեղինակությունը կմարի և տաղավարների քանակը քիչ կլինի: Այս տարի 200-ից ավելի մասնակիցներ ունենք, «Երևան էքսպո»-ի երեք հարկերը ամբողջովին լցվել են. ժամանել են 10 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն տնտեսությունում հավակնոտ ճյուղերի ցուցանմուշները , և համագործակցության հարթակ կստեղծվի»,- ասաց Ղազարյանը:
Տաղավարներով շրջայց կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը հայտնեց, որ իրեն հատկապես հետաքրքրել էր այն մասնակիցների տաղավարները, որոնք կարողանում են իրենց արտադրանքը արտահանել:
«Մենք տեսանք ընկերություններ, որոնք ներկայումս իրենց արտադրանքը արտահանում են եվրասիական տարածք: Իմ հարցերից մեկը այն է` արդյոք բավարարվա՞ծ են մաքսային տուրքերից, խնդիրներ կա՞ն, թե՝ ոչ: Սա շատ էական է, որովհետև մեր երկիրը հենց այդ ուղղվածությունը պետք է ունենա` դառնա ժամանակից երկիր, որը իր արտադրանքը կարողանա արտահանել աշխարհով մեկ և, նախ և առաջ, հարևաններին ու Եվրասիական տարածք»,- ընդգծեց Սարգսյանը:
Նախագահը նաև անդրադարձավ գյուղացիների կողմից գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին:
«Խնդիրներից առաջինը, իհարկե, փոքր չափի և նաև փոքր տոկոսադրույքով վարկավորում ստանալն է, երկրորդը` իրենց արտադրանքը արտահանելու հնարավորություն ունենալն է, որովհետև գյուղացին հնարավորություն չունի իր արտադրանքը մեծ շուկա հասցնելու, հետևաբար, դա շատ էական խնդիր է: Երրորդը` տարիքով մարդիկ բողոքում էին նրանից, որ սերնդափոխության խնդիր կա` երիտասարդները չեն ցանկանում մնալ և շարունակել կյանքը գյուղում: Սա շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև ստացվում է, որ մենք ունենում ենք գյուղական տարածքներում մեծ բաց»,- ասաց Սարգսյանը:
«Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին մասնակցում են ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրանից, Իտալիայից, ԱՄՆ-ին և Հնդկաստանից:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 9-ը: