Կորեական ազգային մարտարվեստն ու ֆիլմերը ներկայացվեցին Հայաստանում


 ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի մշակութային ժառանգության որոշ մասին հայ հետաքրքրասերներին ծանոթացնելու նպատակով սեպտեմբերի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում բազմաժանր միջոցառումների շարք անցկացվեց: Իրականացվեցին կորեական ազգային մարտարվեստի`թաեքվոնդոյի վարպետության դաս, համազգեստի և սև գոտու փորձարկում, կորեական բացիկների պատրաստում և կորեական երկու ֆիլմի ցուցադրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացվեցին «Դեռահաս լինելն էլ վատ չէ» և «Հրաշալի մղձավանջ» կատակերգությունները: Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրումից հետո կլինեն մրցույթ-վիկտորինաներ և խմբակային նկարներ:

«Երկրորդ տարին ենք Հայաստանում կորեական ֆիլմերի փառատոն անցկացնում: Անցյալ տարի մեկ կինոնկար է ցուցադրվել, այս անգամ` երկուսը: Այս միջոցառումներն ընդգրկված են 2018 թվականի կորեական մշակույթի փառատոնի շրջանակում»,-ասաց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կորեերենի և կորեական մշակույթի  կենտրոնի դասախոս Շուշան Խատայանը:

Ներկաների մեջ գերակշռում էին պատանիները, որոնք ուշադրությամբ հետևում էին թաեքվոնդոյի վարպետության դասին, բացիկների պատրաստմանը: Կորեական կինոժապավենների երկրպագու Շուշանն ասաց, որ ֆիլմերի միջոցով ծանոթանում է կորեացիների առօրյային, կենցաղին, մտահոգություններին: «Թաեքվոնդոն նույնպես հետաքրքիր է: Այն ազգային մարտարվեստ է և բնութագրում է կորեացիների ոգին: Եթե ցանկանում ես հասկանալ կորեական մշակույթը, անպայման անհրաժեշտ է մասնակցել նման նախաձեռնություններին»,-ընդգծեց Շուշանը:

Միջոցառումն իրականացվեց Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի դեսպանատան և դրան կից գործող Կորեայի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am