Կանադական Տորոնտոյում մեկնարկում Է 43-րդ Միջազգային կինոփառատոնը

Armenpress 13:56, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում սեպտեմբերի 6-ին մեկնարկում Է 43-րդ Միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival, TIFF): Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդամենը 11 օրվա ընթացքում հանդիսատեսները կդիտեն աշխարհի 83 երկրների ռեժիսորների կողմից նկարահանված 342 ֆիլմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավանդաբար հանրության առավել մեծ ուշադրությունը բեւեռված Է «Գալա-ծրագրին» եւ «Հատուկ ծրագրին», որոնցում ներկայացված ֆիլմերը սովորաբար դառնում են կինոփառատոնի հաղթողներ, իսկ հետագայում «Օսկար» ամենահեղինակավոր կինոմրցանակի հավակնորդներ: Այս տարի Տորոնտոյում առաջին սեկցիայում կցուցադրեն 17 ֆիլմ, իսկ երկրորդում՝ 30, այդ թվում՝ 21 համաշխարհային պրեմիերաներ, յոթ միջազգային, ութ հյուսիսամերիկյան եւ 11 կանադական պրեմիերաներ:

Փառատոնը կբացի Դեւիդ Մաքքենզիի «Թագավորն օրենքից դուրս» պատմական դրամայի համաշխարհային պրեմիերան՝ Քրիս Փայենի մասնակցությամբ, որը պատմում Է Անգլիայից անկախության համար պայքարող շոտլանդական միապետի մասին: Կինոստուգատեսը կավարտվի սեպտեմբերի 16-ին կանադացի ռեժիսոր Ջասթին Քելլիի «Ջերեմայա Թերմինատոր ԼեՌոյ» ժապավենի համաշխարհային պրեմիերայով՝ գլխավոր դերում Քրիսթեն Սթյուարթի մասնակցությամբ:

Ժապավենը պատմում Է անսովոր կեղծանվամբ աշխատող կին գրողի մասին: Ընդամենն այս տարի Տորոնտոյում հանրությանը կներկայացվեն 255 լիամետրաժ եւ 88 կարճամետրաժ ֆիլմեր: Տորոնտոյի կինոփառատոնն անցկացվում Է 1976 թվականից եւ խոշորագույններից մեկն Է աշխարհում:

Ի տարբերություն մյուս կինոփառատոների, TIFF-ում չկա պաշտոնական ժյուրի, իսկ գլխավոր մրցանակը «Հանդիսատեսների համակրանքների մրցանակն Է», որը շնորհվում Է հանդիսատեսների քվեարկության արդյունքներով: Վերջին տարիներին կանադական կինոստուգատեսի հեղինակությունն անշեղորեն աճում Է, եւ նա արդեն լրջորեն մրցակցում Է Վենետիկի կինոփառատոնի հետ, որն անցկացվում Է մոտավորապես նույն ժամանակահատվածում (2018 թվականին՝ օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը): Կինոինդուստրիայի փորձագետների կարծիքով, հենց TIFF-ից հետո Է սկսվում այն ֆիլմերի թեժ քննարկումը, որոնք հավակնում են «Օսկար» մրցանակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am