Արդարադատության նախարարությունը հակված է համաներում շնորհելուն

Armenpress 12:14, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաներում շնորհելու հարցում շահագրգիռ է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

«Համաներման արդյունքում բեռնաթափում կլինի քրեակատարողական հիմնարկներում, այս հարցում շահագրգիռ է նաև արդարադատության նախարարությունը»,- նշեց նա:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նա չի կարող ասել, թե կառավարությունը երբ է քննարկելու համաներում շնորհելու հարցը, քանի որ այն ունի գաղտնիության ռեժիմ:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել ցմահ դատապարտյալների և առավել ծանր հանցանք գործած դատապարտյալների հարցերին:

Մեր ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են: Վերջին անգամ համաներում շնորհվել է 2013 թ.: Համաներումն այսօր իրապես անհրաժեշտ է: Հատկապես ձեր ուշադրությունը հրավիրում եմ ցմահ դատապարտյալների կամ առավել ծանր հանցագործություն կատարածների դեպքերին, որովհետև իրենք զրկված են, նույնիսկ, իրենց հարազատների հուղարկավորության արարողություններին մասնակցելու հնարավորությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am