Ընտրություններում հաղթելու օրվանից լուծելու ենք Երևանի խնդիրները. Գագիկ Ծառուկյան

Armenpress 17:22, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, և եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաջողության հասնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, մենք կսկսենք լուծել այդ խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 4-ին Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակի թեկնածուների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Առաջնայինը վերելակների խնդիրն է, երթուղային տրանսպորտի խնդիրը, բնակելի շենքերի, կանաչապատման խնդիրները: Եթե երևանցին մեզ վստահի ու տա իր քվեն, հաջողության հասնելու դեպքում հենց հաջորդ օրվանից սկսելու ենք լուծել բոլոր խնդիրները»,- ընդգծեց Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի 1-ին համար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենք, Երևանի խնդիրները լուծելով, այն դարձնելու են ապրելու քաղաք:

«Մեր ընտրվելու դեպքում Երևանից այլևս ոչ ոք ոչինչ չի գողանալու: Ես այս հարցում ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները: Երևանը պետք է բոլորի համար դառնա ապրելու քաղաք»,- նշեց նա:

Կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համար, հաղորդավար Պետրոս Ղազարյանը հանդիպման ընթացքում նշեց, որ իրենք իրենց նախընտրական ծրագիրը գրելիս խորհրդակցել են տեղական ինքնակառավարման արտասահմանյան մասնագետների հետ:

«Մի քանի օրից աշխարհի տարբեր մասերից Երևանում կժամանեն քաղաքապետեր, քաղաքապետարանների աշխատակիցներ և մասնագետներ, որոնց օգնությամբ էլ մենք մշակել և մշակում ենք մեր ծրագրերը: Դրանք մի շատ կարևոր առանձնահատկություն ունեն. բոլորը ֆինանսապես հիմնավորված են»,- նշեց Պետրոս Ղազարյանը:

ԲՀԿ նախագահի ու Երևանի ավագանու թեկնածուների խոսքով` իրենք նույնիսկ հաջողության չհասնելու դեպքում պատրաստ են ձեռք մեկնել հաղթած թիմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am