Ճապոնիան ցանկանում է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները

Armenpress 12:29, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին լրագրողներին հայտնեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն։ «Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ իրավաբանների վերապատրաստման հարցում։ Որոշվել է թեթևացնել վիզային ռեժիմի պայմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Ճապոնիան նախատեսում է միանալ միջազգային օժանդակությանը Հայաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ»,- ասաց ԱԳ նախարարը։ Տարո Կոնոն նշեց, որ Ճապոնիայի համար հատկապես կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանում կայունությունը։ «Կովկասյան տարածաշրջանը Ասիան Եվրոպային միացնող հատվածն է։ Այստեղ կայունությունը շատ կարևոր է։ Ճապոնիան կցանկանար առաջ տանել համագործակցությունը Կովկասյան տարածաշրջանի հետ։ Մենք տարածաշրջանի զարգացման համար նախաձեռնությամբ հանդես եկանք. առաջինը մարդկային ռեսուրսների օժանդակությունն է, երկրորդը՝ ինֆրակառուցվածքների ու բիզնես-միջավայրի բարելավմանն օժանդակությունը։ Մենք կցանկանանք Հայաստանի հետ համագործակցությունը խարսխել հենց այս հարցերի վրա»,- նշեց Տարո Կոնոն։

Արտգործնախարարները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հյուսիսային Կորեայի խնդրին։ Ճապոնիայի արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպման ավարտին նշեց, որ շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները նյութականացնելու ուղղությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am