«Մարտիկ» հիմնադրամը մեկ միլիոն մասնակից է ունենալու. Արթուր Աղաբեկյան

Armenpress 11:09, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, որտեղ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես ասվում է. «Մարտիկ» հիմնադրամը ունենալու է մեկ միլիոն մասնակից: Սիրելիԛ ընկերներ, այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։

Ստացել եմ աջակցության բազում զանգեր, հրապարակումներում եղել են հիստերիկ և քենով լի մեկնաբանություններ։

Իմ լավ ընկեր Արայիկ Հարությունյանը իր և մեր ընկերների անունից արեց իրեն բնորոշ հայտարարություն, ինչը, ցավոք, չարակամները գնահատեցին միայն իրենց «արշինով»։

Այս 2 օրերին խուսափել եմ շփվել լրագրողների հետ, ուստի ակնկալում եմ լրագրողներիդ ներողամտությունը։

Մտահոգ եմ, իսկ ինձ սատարողներով՝ հպարտ։

Իմ ընկեր Արայիկ և շատ շատեր, շնորհակալ եմ ձեր անկեղծ պատրաստակամության համար, գտնում եմ, որ դեպոզիտային հաշվին գումար մուտք անելու կարիքը չկա։ Փոխարենը դիմում եմ բոլորիդ, մի փոքր վերլուծության դեպքում դուք կհասկանաք, որ ծանր ժամանակներ ենք ապրում, ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ, որին կարող ենք դիմակայել, եթե դրան պատրաստ ենք։

Ինձ սատարելու ցանկություն ունեցող իմ ընկերներ, ձեր լավագույն աջակցությունն ինձ կլինի ձեր մասնակցությունը և նվիրաբերումը «Մարտիկ» հիմնադրամին (martik.am):

Մի օր երազանքս իրականություն է դառնալու՝ «Մարտիկ» հիմնադրամը ունենալու է մեկ միլիոն մասնակից։

Անահիտը, Արթուրը և շատ շատերը վաղը չեն լինելու, իսկ հայրենիքն ու «Մարտիկ» հիմնադրամը հավերժ են։

Հ.Գ. Լսել եմ, թե իբր որոշներին ստիպել են դառնալ «Մարտիկի» մասնակից, եթե կան այդպիսիք, ապա կարող են դիմել «Մարտիկի» գրասենյակ, որևէ ձևով այդ գումարը ետ ստանալու հարցը քննարկելու համար, կամ էլ կարող են դիմել քննչական ծառայությանը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մարտիկ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքննվել է Արթուր Աղաբեկյանը՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Սակայն Արթուր Աղաբեկյանը չէր ընդունել մեղադրանքը՝ հայտնել էր, որ շարունակելու է համագործակցել քննչական մարմինների հետ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am