Արմեն Սարգսյանը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին


ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ  այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին:Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․ «Սա ոչ միայն Անկախության, այլեւ հաղթանակի ու ապագայի նկատմամբ վստահության օր է։ Սա այն օրն է, երբ մեր ողջ հայ ժողովուրդը վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացողությունը, վստահությունն իր ուժերի եւ ապագայի նկատմամբ։Մեր ողջ ժողովրդի համար ինչ-որ իմաստով սա առաքելության եւ ազգային ինքնության օր է։ Հոգիս լցված է հպարտությամբ, ուրախությամբ, սակայն այս պահին այստեղ, այս հուշահամալիրում գտնվելով, չեմ կարող չմտածել, թե հաղթանակը, հպարտությունը, ապագայի նկատմամբ վստահությունը ինչ թանկ գնով են ձեռք բերվել՝ մարդկային լավագույն կյանքերի։ Մեր տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել․ տվել են նրա համար, որպեսզի այս երկիրը դառնա ավելի հզոր, որպեսզի ամբողջ աշխարհում սփռված հայությունը, մեր ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում կարողանա կառուցել իր հպարտ, ուժեղ ու հզոր հայրենիքը»։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am