Նոր կառավարության 100 օրվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումը տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձևավորումն է. տնտեսագետ

Armenpress 12:37, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության 100 օրվա ընթացքում տնտեսական ոլորտում ունեցած ամենամեծ ձեռքբերումը եղել է տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձևավորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Պետք է ունենանք տնտեսություն, որը կոռուպցիայից զուրկ է, մենաշնորհներ չի ընդունում և բարելավում է ներքին մրցակցության պայմանները: Կոռուպցիայի վերանալը մեզ բոլորիս պետք է բավականացնի, որովհետև ցանկացած տնտեսական բարեփոխման հիմնական ուղղվածությունը կոռուպցիան վերացնելն է»,- նշեց տնտեսագետը:

Նա նաև հիշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ծրագրում ներկայացրածը, որտեղ թվեր չկային և վստահեցրեց, որ դա ճիշտ քայլ էր:

«Ես կարծում եմ, որ թվեր չներկայացնելը ճիշտ էր, որովհետև տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունն էր ճիշտ, ոչ թե թվերը»,- ընդգծեց Խաչատրյանը և հավելեց, որ դեռևս կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել՝գործազրկությունը, ներդրումային դաշտը, ներքին մրցակցության բացակայությունը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am