Մոսկվայում բացվել է Մարիամ Ասլամազյանի «Արևոտ գույների պատմություններ» ցուցահանդեսը

Armenpress 19:12, 30 Օգոստոս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Արևելքի թանգարանում ներկայացված է 20-րդ դարի սոցիալիստական մոդեռնիզմի և Խորհրդային Միության ամենահայտնի կին արվեստագետներից մեկի` Մարիամ Ասլամազյանի «Արևոտ գույների պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը գործում է Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահի» նախաձեռնությամբ՝ Գայանե Նիկողոսյանի ֆինանսական աջակցությամբ: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունները, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը, «Արևոտ գույների պատմություններ» նախագիծը հարգանքի մի յուրահատուկ ժեստ է տաղանդավոր նկարչուհուն, որի աշխատանքները քսանամյա դադարից հետո վերստին ցուցադրվում են Մոսկվայում: Հատուկ այս նախագծի համար ընտրված երեսունչորս գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները ստեղծվել են 1930-ականներից մինչ 80-ական թվականները և վերցված են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» (Գյումրի, Հայաստան), Մոսկվայի Արևելքի թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից և անհատ կոլեկցիոներներից։ «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Մարիամ Ասլամազյան մշակութային գործչի և մեծ «մշակույթին հայրենասերի» մասին է խոսում նաև 1987 թվականին «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» հիմնադրման փաստը: Մարիամ Ասլամազյանը իր քրոջ՝ Երանուհու հետ որոշեց իրենց ստեղծագործությունների ամենամեծ և հատընտիր հավաքածուն նվիրաբերել իրենց հայրենի քաղաք Լենինականին (այժմյան Գյումրի)՝ հիմնադրելով Անդրկովկասում եզակի մի պատկերասրահ, որի գործունեությունը մինչև այսօր կարևոր խթան է մշակութային կյանքի պահպանման և զարգացման համար»,- նշեց Վահագն Ղուկասյանը:Մոսկվայի Արևելքի թանգարանում բացված Ցուցահանդեսը նվիրված է Մարիամ Ասլամազյանի 110-ամյակին: Օգոստոսի 28-ին պաշտոնապես բացված ցուցահանդեսը այցելուների առջև բաց կլինի մինչև սեպտեմբերի 18-ը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am