Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը երկու պրեմիերաներով ելույթ է ունենալու Դուբայում

Armenpress 14:38, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերին երկու պրեմիերայով (Բիզեի «Կարմեն» և Մոցարտի  «Կախարդական սրինգ» օպերաներ) ելույթ է ունենալու Դուբայի օպերային թատրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Շատ ուրախ եմ, որ շատ տարիների ընդմիջումից հետո վերջապես առաջին անգամ մեծ հյուրախաղերով հյուրընկալվում ենք Դուբայում: Մենք ելույթ ենք ունենալու հիանալի կատարումներով: Ներկայացվող «Կարմեն» օպերան լիովին նոր է, Հայաստանում դեռ չենք ներկայացրել»,-ասաց Օրբելյանն ու հավելեց՝ Երևանում պրեմիերան կկայանա նոյեմբերին:

«Կարմեն»-ի բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ ամերիկացի Քրիստոֆեր Օկասեկը: Օկասեկը նշեց՝ հիանալի է աշխատել այս նվագախմբի և երգչախմբի հետ, քանի որ նրանք անհավատալի էներգիայով են կատարում: «Շատ նշանակալի է, որ Դուբայում հիանալի բեմում ենք հանդես գալու: Դա շատ հոյակապ նախաձեռնություն է, որ իրականացրել է մաեստրո Օրբելյանը: Սա բոլորի համար փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է»,-ասաց Օկասեկն ու հավելեց՝  անհամբեր սպասում է Հայաստանի օպերային թատրոնի անձնակազմի հետ Դուբայում նորից աշխատելուն:

Թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը նշեց՝ շատ ինտենսիվ են աշխատել ողջ տարի, բայց հոգնել դեռ չեն կարող, քանի որ Դուբայում ունենալու են դեռ վեց ներկայացում՝ առավոտից երեկո տևող փորձերով: Կներկայացնեն երկու ներկայացում, մեկ համերգ նվագախմբի հետ: Ողջ սեպտեմբերին շատ զբաղված են լինելու:

Նրանք Դուբայի օպերային թատրոնում հյուրախաղերով հանդես կգան սեպտեմբերի 6-15-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am