Վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում


ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան  խորհրդակցություն, որը  վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության   ընթացքում  բարձրաձայնել մարզի   կրթության   ոլորտիխնդիրները և   համատեղ քննարկել դրանց լուծմանն  ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Բարեփոխումների համատեքստում  նախարարն անդրադարձել  է նոր առարկայական չափորոշիչներին,  դասագրքերին,  դասապրոցեսի  կազմակերպմանը,  երեխաների ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն փոխվել է տնօրենների հավակնորդների հավաստագրման  կարգը, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև կառավարման խորհուրդների ձևավորման և դպրոցների  տնօրենների ընտրության կարգերում. «Մինչև հիմա խորհուրդները գործել ենոչ թե իրականացնելով իրենց  վերապահված գործառույթները, այլ ծառայելեն այսպես կոչված տեղի իշխանիկներին »,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը տնօրեններին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովին  ապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաև դրամահավաքությունը,  սակայն աշխատանք տանել, որպեսզի դպրոցի կյանքին մասնակցություն ունենա համայնքը՝  ի դեմս  ծնողների,տվյալ դպրոցի շրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն:

Անդրադառնալով ընդհանուր ներառական կրթությանը` նախարարն ընդգծելէ, որ հատկապես այստեղ համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքի գործառույթն է ապահովել քաղաքացու կրթություն ստանալու իրավունքը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի և դպրոցների ավարտական քննությունների միասնական մոդելի ներդրմանը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դպրոցների ընդհանուր մակարդակը:

Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասը վերաբերել է ընդհանուր խնդիրներին,մյուս մասը առավել բնորոշ է եղել Տավուշի մարզին:

Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի` նախարարը տեղեկացրել է, որ վերանայվում  է դպրոցների  ֆինանսավորման բանաձևը, ըստ որի աշակերտների   թվից բացի    կիրառվելու է  նաև գործակից   ըստ դասարանների թվի:

Նախարար Արայիկ Հարությունյանը տնօրեններին հորդորել է լինել նախաձեռնող, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ  կայացնողը պետք է լինի դպրոցը, ուստի պետք է տիրապետել սահմանված լիազորություններին և լինել վճռական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am